Մատչելիություն

«Մատչելի» կամ «անարգել» միջավայր տերմինը կիրառվում է շրջակա միջավայրի տարրերի մասին խոսելիս, որտեղ կարող են ազատ մուտք գործել և օգտվել ֆիզիկական, զգայական կամ մտավոր շեղումներ ունեցող մարդիկ: Սկզբնական շրջանում այդ արտահայտությունը օգտագործվում էր շենքերի և սարքավորումների նկարագրման համար, որոնցից կարող էին օգտվել անվասայլակ օգտագործող մարդիկ: Սակայն հետագայում այդ տերմինի բնորոշման մեջ ընդգրկվեցին այնպիսի չափանիշներ, որոնք հարմար էին նաև հաշմանդամության այլ ձևեր ունեցող մարդկանց համար: Լայն իմաստով, անարգել կամ մատչելի դիզայնը դա այն ձևավորումն է, որը ստեղծում է առավել հեշտ և անվտանգ պայմաններ որքան հնարավոր է շատ թվով մարդկանց համար ու նպաստում է նրանց անկախ կենսաձևի զարգացմանը: Բնակչության առավել դժվար տեղաշարժվող խմբերի թվին դասվում են՝ հենաշարժողական ապարատի վնասվածք ունեցող հաշմանդամներ (ներառյալ նաև անվաթոռ օգտագործողներին), տեսողության և լսողության խախտումներով հաշմանդամներ, տարեց մարդիկ (60 տարեկան և ավելի), ժամանակավորապես անաշխատունակները, հղի կանայք, մանկասայլակներով մարդիկ, նախադպրոցական տարիքի երեխաները: Ինչպես տեսնում եք, բնակչության դժվար տեղաշարժվող խմբերի թվին, հաշմանդամներից բացի, դասվում են նաև բազմաթիվ այլ սոցիալական խմբեր: Հարկ է նշել, որ այն, ինչ արվում է հաշմանդամների հարմարության համար, շատ հարմար կլինի նաև մնացած բոլոր մարդկանց համար, նույնիսկ եթե նրանք չունեն ֆիզիկական սահմանափակումներ:
Գոյություն ունեն ֆիզիկական և զգայական սահմանափակումների տարբեր տիպեր և, բնական է, կան նաև շրջակա միջավայրի հարմարեցման տարբեր պահանջներ: Ենթակառուցվածքների զգալի փոփոխություններ են պահանջվում հենաշարժողական ապարատի, տեսողության և լսողության լուրջ շեղումներ ունեցող մարդկանց լիարժեք կյանքի համար: Այցելելով տվյալ բաժնի «Շենքեր», «Փողոցներ» և «Տրանսպորտ» էջերը՝ Դուք կգտնեք մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի հարմարեցումներ է անհրաժեշտ կատարել, որպեսզի ապահովել մատչելի միջավայր հաշմանդամության տարբեր ձևեր ունեցող անձանց համար:
Միջավայրի լիակատար հարմարեցումը հասարակության անխտիր բոլոր անդամների համար նկարագրվում է «Ունիվերսալ (համընդհանուր) դիզայն» տերմինով և ներառում է այնպիսի շինությունները, ապրանքներն ու միջավայրերը, որոնք լիովին մատչելի և օգտագործելի են ծերերի, տարբեր տեսակների և բարդության հաշմանդամություն ունեցող անձանց, հղի կանանց, մանկասայլակով երեխաների, գեր մարդկանց և սոցիալական այլ խմբերի համար` անկախ նրանց ֆիզիկական կարողություններից, տարիքից և կարգավիճակից: Ունիվերսալ դիզայնը գործընթաց է, որը խթանում է հասարակության բազմազանությունը՝ ստեղծելով այնպիսի վայրեր, իրեր, տեղեկատվություն, կապ և քաղաքականություն, որոնք կարող են գործածվել հասարակության բոլոր անդամների կողմից:

Ունիվերսալ դիզայնի 7 սկզբունքներն են

::Հավասար կիրառում: Դիզայնը կարող է օգտագործվել տարաբնույթ կարողություններ ունեցող անձանց կողմից:

::Կիրառման ճկունություն: Դիզայնը համապատասխան է անհատական կարիքների լայն շրջանակի համար:

::Կիրառման պարզություն: Կիրառման եղանակը հասկանալի է անկախ օգտագործողի փորձից, գիտելիքներից, լեզվի իմացությունից կամ կենտրոնացման աստիճանից:

::Ընկալելի տեղեկատվություն: Հաղորդվող տեղեկատվությունը մատչելի է օգտագործողի համար՝ անկախ նրա լսողական և տեսողական ունակություններից:

::Հանդուրժողականություն/կայունություն սխալների նկատմամբ: Դիզայնը նվազագույնի է հասցնում սխալ կամ պատահական օգտագործման դեպքում առաջացող վտանգներն ու վնասակար հետևանքները:

::Մինիմալ Ֆիզիկական ջանք: Դիզայնը կարող է օգտագործվել հեշտորեն և արդյունավետորեն՝ մինիմալ ֆիզիկական ջանքերով և առանց հոգնածություն առաջացնելու:

::Համապատասխան չափս և տարածություն մոտեցման և օգտագործման համար: Դիզայնը նախատեսում է բավարար տարածություն և չափս ապրանքին կամ շինությանը մոտենալու, հասնելու և օգտագործման համար՝ անկախ օգտագործողի մարմնի չափերից, կեցվածքից և շարժունակությունից: