Մատչելիություն


Շենքերը և դրանց մուտքը

Ի՞նչ է թեքատը և ինչպիսի՞ն պետք է այն լինի

Թեքատը (կամ պանդուսը) անվասայլակների համար նախատեսված թեք մակերես է: Նախ և առաջ թեքատի տեղադրումը անհրաժեշտ է հորիզոնական մակերեսների 4 սմ գերազանցող տարբերության տեղերում՝ հետիոտնի ճանապարհներին, շենքերի և կառույցների մուտքի մոտ և ներսում: Մակերեսների տարբերության առավելագույն թույլատրելի բարձրությունը կազմում է 1,3-1,5 սմից ոչ ավել: Թեքատը պետք է կազմված լինի 3 մասից՝ 1) պանդուսի հիմնային մասում հորիզոնական տարածությունը, 2) պանդուսի զառիվեր մակերեսը, 3) վերին մակարդակի հորիզոնական տարածությունը: Թեքատի նախագծման ժամանակ ամենահաճախ հանդիպող սխալն այն է, որ ճարտարապետները կամ մոռանում են նախատեսել թեքատի հիմնային մասի հորիզոնական հատվածը, կամ վերջինիս չափերը բավարար չեն, որպեսզի անվասայլակով հնարավոր լինի մոտենալ թեքատի զառիվեր հատվածին: Չ՞է որ այդ դեպքում այդ թեքատից ինքնուրույն օգտվել հնարավոր չէ: Վերին մակարդակի հորիզոնական հատվածի չափերը պետք է ապահովեն դրա վրա անվասայլակի լիարժեք տեղակայումը: Դա կապահովի անվասայլակի կայուն և անվտանգ դիրք, որի դեպքում մարդը կարող է ձեռքերը հեռացնել անիվներից և գործածել դրանք այլ գործողությունների համար (գրպանից բանալի հանել, բացել դուռը և այլն): Այսինքն՝ յուրաքանչյուր թեքատի վերելքի վերջում հարկ է կառուցել հորիզոնական հատված թեքատի լայնությունից ոչ պակաս և 1,4-1,5մ երկարությամբ:
Թեքատների ծածկույթը պետք է ամբողջական կտավից լինի: Ոչ մի դեպքում չի թույլատրվում ուղղորդիչ շվելլերների կիրառում: Եթե թեքատը նախատեսված է անվասայլակից օգտվող հաշմանդամների միակողմանի շարժման համար, ապա դրա բավարար լայնությունը 900-1000մմ է: Եթե
թեքատը նախատեսված է անվասայլակով մարդկանց երկկողմանի հանդիպակաց շարժման համար, ապա դրա լայնությունը պետք է լինի 1800մմ-ից ոչ պակաս: Թեքատի թեքությունը որոշվում է որպես թեքատի բարձրության և զառիվեր հատվածի հորիզոնական պրոեկցիայի հարաբերություն: Այն կարող է դիտվել կամ հարաբերակցության կամ էլ տոկոսային արտահայտությամբ:
Օրինակ, եթե անհրաժեշտ է կառուցել թեքատ 10սմ բարձրությամբ աստիճանի կողքին, ապա պետք է չափել նրանից 1 մետր և այնուհետև հարթեցնել այդ զառիվերը թեք մակերեսի տեսքով՝ օգտագործելով տաք ասֆալտ կամ բետոն: Կստացվի 1:10 հարաբերությամբ (կամ, այլ կերպ ասած, 10 տոկոս) թեքություն ունեցող թեքատ: Թեքատի թեքությունը չպետք է լինի 1:12 հարաբերությունից ավել, իսկ մինչեւ 0,2մ բարձրության դեպքում՝ 1:10 հարաբերությունից ավել: Թեքատի և հորիզոնական տարածության ներքին կողային (պատերին չդիպչող) հատվածների մոտ պետք է նախատեսվեն ելուստներ 0,05մ-ից ոչ պակաս անվասայլակի սայթաքումը կանխելու համար: Սահմանազատող այդ ելուստը թեքատի կարևոր մասն է, որի մասին չի կարելի մոռանալ:

Թեքատի լավ օրինակ է ներկայացված լուսանկարում. այն լիովին համապատասխանում է շինարարական նորմերին: Թեքատի թեքության բարձրությունը չպետք է գերազանցի 0.8մ: Այս չափանիշը գերազանցելու դեպքում պետք է նախատեսված լինեն միջանցիկ հատվածներ: Եթե թեքատը հարթ է և ուղղությունը չի փոխում, ապա միջանցիկ հատվածի լայնությունը պետք է հավասար լինի թեքատի լայնությանը (900մմ), իսկ խորությունը՝ 1400-1500մմ: Եթե թեքատը միջանցիկ հատվածում փոխում է իր ուղղությունը 180 աստիճանով, ապա միջանցիկ հատվածի խորությունը պետք է կազմի 1500մմ-ից ոչ պակաս, իսկ լայնությունը պետք է հավասար լինի երկու հարեւան մարշերի (հատվածների) լայնությանը, այսինքն՝ 1800մմ: Նման տիպի միջանցիկ հատվածները հնարավորություն են տալիս անվասայլակով թեքվել 180 ստիճանով:


Թեքատի բազրիքները

Եթե թեքատի թեքությունը գերազանցում է 8 տոկոսը (1:12), կամ նրա հորիզոնական երկարությունը գերազանցում է 1800մմ-ը, ապա թեքատի երկու կողային հատվածներում պետք է կառուցվեն սահմանազատող բազրիքներ: 5 տոկոսից ավել թեքությունը արդեն որոշակի դժվարություններ է առաջացնում անվասայլակի տեղաշարժման համար. երկու կողմերից բազրիքների տեղադրումը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի մարդը կարողանա ինքնուրույն բարձրանալ՝ ձեռքերով դրանցից բռնվելով: Թեքատի բազրիքների բռնակները, որպես կանոն, պետք է նախատեսել կրկնակի՝ 0,7 եւ 0,9 մ բարձրության վրա։ Նախադպրոցական տարիքի երեխաների համար բռնակը տեղադրվում է 0,5մ բարձրության վրա։ Այստեղ շատ կարեւոր է հիշել, որ հաշմանդամին ավելի հեշտ է բարձրանալ բռնվելով բռնակներից, որոնք տեղադրված են որքան հնարավոր է իրար մոտ: Իսկ եթե դուք նախագծում եք իրարից 1800մմ հեռավորություն ունեցող բռնակներ, ապա պետք է հստակ գիտակցեք, որ այդ դեպքում հնարավոր կլինի բռնվել դրանցից միայն մեկից: Հետեւաբար, նման թեքատի թեքությունը ցանկալի է որ լինի ոչ թե 1:12 (8 տոկոս), այլ ավելի քիչ՝ 1:15 (6,7 տոկոս), որպեսզի անվասայլակով մարդն անհրաժեշտություն չզգա բռնվել բռնակներից: Կամ կարելի է տեղադրել մի լրացուցիչ բռնակ թեքատի ներսում բռնակներից որևէ մեկից 900մմ հեռավորությամբ (դա երկու ձեռքերով առավել հարմար բռնվելու օպտիմալ հեռավորությունն է), որպեսզի ստեղծվի հարմար գոտի անվասայլակով հաշմանդամների բարձրանալու համար:
Բռնակների երկարությունը պետք է լինի պանդուսի երկարությունից ավել՝ յուրաքանչյուր կողմից առնվազն 0,3 մ-ով: Դա պետք է հաշվի առնել, քանի որ անվասայլակով հաշմանդամը բարձրանալիս թեքատի երկու կողմերի բռնակները բռնում է անվասայլակից փոքր-ինչ առաջ և կտրուկ շարժումով հրում է անվասայլակը դեպի վեր: Թեքատով իջնելիս հաշմանդամը արգելակում է անվասայլակը՝ բռնելով բազրիքից իրենից փոքր-ինչ առաջ, և եթե բռնակները չունեն հորիզոնական ելուստային հատվածներ, ապա թեքատից իջնելիս մարդը դժվարություններ կունենա: Թեքատի բռնակների մակերեսը պետք է համասեռ լինի ամբողջ երկայնքով և խստորեն զուգահեռ լինի թեքատի մակերեսին՝ հաշվի առնելով նաև դրա հորիզոնական հատվածները: Բռնակները պետք լինեն կլոր՝ 3 սմ-ից ոչ պակաս եւ 5 սմ-ից ոչ ավել շառավղով (ցանկալի շառավիղը՝ 4սմ): Հարկ է նաև նշել, որ ճիշտ տեղադրված թեքատից օգտվում են ոչ միայն հաշմանդամները: Ֆիզիկական սահմանափակումներ չունեցող մարդիկ երբեմն գերադասում են բարձրանալ կամ իջնել թեքատով, քանի որ դա շատ դեպքերում ավելի հարմար է, բացի այդ դա միշտ էլ ավելի քիչ ջանքեր է պահանջում ու բնական է մարդու շարժումների ֆիզիոլոգիական պարամետրերով: Իսկ բնակչության որոշ կատեգորիաների համար, օրինակ՝ մանկասայլակներով ծնողների համար, դա սանդուղքը ինքնուրույն հաղթահարելու միակ հնարավորությունն է :
Աստիճանների կառուցման ժամանակ չի կարելի երբեք մոռանալ, որ բռնակները հանդիսանում են դրանց կարևորագույն բաղկացուցիչ մասը: Պատկերավոր ասած, սանդուղքը դա աստիճաններն են գումարած բռնակները: Սխալ կլիներ պնդել, որ բռնակները պետք են միայն հաշմանդամներին: Դրանք անհրաժեշտ են նաև տարեցներին, երեխաներին, հղի կանանց, գեր մարդկանց և այլն: Նույնիսկ ամենաշարժուն մարդկանց մեծ մասը, հատկապես մերկասառույցի դեպքում, գերադասում են օգտվել բռնակներով սանդուղքներից:


Շենքի մուտքը և ներսի դրվածքը

Դռները

Շենքերի և հաստատությունների մուտքի դռները, որոնցից կարող են օգտվել հաշմանդամները, պետք է ունենան 0.9մ-ից ոչ պակաս լայնություն (նկատի է առնվում դռան փաստացի լայնությունը): Անվասայլակի մանևրելու համար նախատեսված տարածության խորությունը դռան առջև պետք է լինի 1.5մ-ից ոչ պակաս: Դա վերաբերում է նաև պանդուսի առջևի դռանը և մնացած այլ դռներին: Օրորվող հանգույցներով և պտտվող դռների կիրառությունը հաշմանդամների շարժման համար չի թույլատրվում: Խորհուրդ է տրվում դռները սարքավորել հատուկ հարմարանքներով «բաց» եւ «փակ» դիրքերում ֆիքսելու համար:

Մեծ ջանքերի միջոցով բացվող դռները լուրջ խնդիր են ներկայացնում հենակներից և անվասայլակից օգտվող հաշմանդամների համար, իսկ նման դռներ շատ հաճախ հանդիպում են ինչպես խանութներում, այնպես էլ 1950-70-ականներին կառուցված տներում: Այդպիսի դռները նրանց համար անհնար կամ վտանգավոր է բացել առանց կողմնակի օգության:Այդ պատճառով բացելու և փակելու համար առավելագույն ջանքը չպետք է գերազանցի 2.5կգ-ը: Բացի այդ, դռների բռնակները պետք է ունենան այնպիսի մակերես, որը հարմար կլինի ձեռքով բռնելու համար, և որը թույլ կտա բացել դուռը ձեռքի կամ նախաբազկի միջոցով:

Խոհանոցներ, աշխատատեղեր և այլն
Սեղանների, պատին կցված ապարատների և հարմարանքների մոտ, որոնցից օգտվում են դժվարաշարժ մարդիկ, անհրաժեշտ է նախատեսել ազատ տարածություն 0,9x1,5մ չափերով: Այլ խոսքերով ասած, անհրաժեշտ է մշտապես նախատեսել մոտեցման ազատ գոտի (հեռախոսին, պանդուսին, դռանը, հանդերձարանին և այլն):
Սեղանների աշխատանքային մակերեսները հարկ է տեղադրել հաշմանդամների համար մատչելի՝ 0.8 մ բարձրության վրա: Աշխատասեղանների տակ պետք է լինի բավարար տարածություն (0.65 մ խորշ) անվասայլակով մարդու ոտքերը հարմար տեղավորվելու համար: Նկարում ներկայացված են 2 խոհանոցային լվացարաններ. մեկը (ձախից) անվասայլակով մարդու համար ոչ մատչելի և մյուսը՝ մատչելի:

Սանհանգույց

Զուգարանի դռան պաստառի լայնությունը պետք է լինի 900մմ-ից ոչ պակաս: Դուռը պետք է բացվի դեպի դուրս: Զուգարանում զուգարանակոնքի կողային հատվածներից մեկում պետք է նախատեսել ազատ տարածություն անվասայլակի տեղակայման համար, որպեսզի հաշմանդամը ազատ կարողանա սայլակից զուգարանակոնքին տեղափոխվել: Զուգարանակոնքի կամ դռան կողքին պետք է նախատեսված լինի զանգի կոճակ 1մ բարձրության վրա: Այդ կոճակը անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում, երբ մարդը անհետաձգելի օգնության կարիք ունի (անվասայլակից հաշմանդամի հանկարծակի ընկնելու, զուգարանակոնքից անվասայլակի անմատչելի հեռավորությամբ հեռանալու, հենակների ընկնելու և նման դեպքերում):
Հարմարության համար ցանկալի է տեղադրել լվացարանը անմիջապես զուգարանախցում: Այն պետք է տեղադրված լինի այնպես, որ չկրճատի անվասայլակի տեղակայման համար անհրաժեշտ ազատ տարածությունը: Ցանկալի է նաև նախատեսել զուգարանակոնքին նստած վիճակում լվացարանից օգտվելու հնարավորությունը: Սովորաբար լվացարանը տեղադրվում է զուգարանակոնքի կողքի պատին: Եթե դա ոչ սովորական, այլ հատուկ անկյունային լվացարան է, ապա այն կարելի է տեղադրել մի քիչ ավելի հեռու՝ անկյունում: Այս տարբերակում շատ հարմար է այն, որ զուգարանակոնքը և լվացարանը միացվում են իրար պատի բռնաձողի միջոցով:

Լվացարանի տեղակայման ցանկալի բարձրությունը պետք է լինի 0.8-0,85մ՝ 0,65-0,7մ ներքին խորշով, որպեսզի նրա տակ կարողանա տեղակայվել անվասայլակը: Հայելու ներքին ծայրը և ձեռքերի չորացնելու համար նախատեսված էլեկտրական սարքը, սրբիչը և զուգարանի թուղթը տեղակայվում են նույն բարձրության վրա: Հատակին չպետք է ջուր լինի, իսկ ինքը հատակը չպետք է լինի սայթաքուն: Զուգարանակոնքերը պետք է տեղադրել հատակից մինչև զուգարանակոնքի նստատեղը 450մմ-ից ոչ պակաս եւ 600մմ-ից ոչ ավել բարձրության վրա: Զուգարանախցում պետք է տեղադրվեն բռնաձողեր: Վերջիններիս շառավիղը պետք է լինի 3-5սմ (առավել հարմար են՝ 4սմ շառավղով բռնաձողերը): Բռնաձողերի և պատի միջև հեռավորությունը պետք է լինի 4 սմ-ից ոչ պակաս (առավել հարմար է 6սմ-ը): Զուգարանում հարկ է նաև նախատեսել կախիչներ հագուստի, հենակների և այլ պարագաների համար հատակից 1,3մ-ից ոչ բարձր:

Բռնաձողերի տեղադրման եղանակները

1) Զուգարանակոնքի գոտում պատին հորիզոնական 2 բռնաձողերի ամրացում հատակի մակարդակից 800-900մմ բարձրության վրա, մեկը զուգարանակոնքին ամենամոտ գտնվող կողային պատին, մյուսը՝ զուգարանակոնքի հետեւամասում: Զուգարանակոնքը պետք է տեղադրված լինի անկյունում: Բռնաձողերից ոչ մեկը չի խոչընդոտում անվասայլակով հաշմանդամին մոտենալ զուգարանակոնքին: Եթե զուգարանակոնքը տեղադրված չէ անկյունում, ապա կարելի է տեղադրել թ-ձև բռնաձող, որն ամրացված է զուգարանակոնքի կողքի պատին և հետնամասում:
2) Երկու հորիզոնական զույգային բռնաձողերի ամրացում զուգարանակոնքի երկու կողմերին համաչափ հատակի մակարդակից 800-850մմ բարձրության վրա և իրարից 600մմ հեռավորության վրա: Բռնաձողերը բարձակային ձևով ամրացվում են զուգարանի սենյակի հետևի պատին: Բռնաձողերի նման դրվածքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնաձողերից մեկը ապահովում է հաշմանդամի կողային մոտեցումը զուգարանակոնքին և խոչընդոտում է անվասայլակից զուգարանակոնքին տեղափոխմանը: Ահա այդ պատճառով էլ բռնաձողը հաշմանդամի մոտեցման կողմից (կամ երկու բռնաձողերն էլ) կառուցվում է ետբացովի ուղղահայաց հարթությամբ կամ էլ շրջվող՝ հորիզոնական հարթությամբ (պատից զուգարանակոնքին): Ետբացովի կամ շրջվող բռնաձողերը օգտագործման հարմարավետության համար պետք է ֆիքսվեն աշխատանքային յուրաքանչյուր դիրքում:
Լոգարաններում նախ և առաջ պետք չէ արգելքներ ստեղծել կամ, ինչպես ընդունված է, տեղադրել փոքրիկ վաննաներ: Լոգարանի հատակը պետք է հարթ լինի, բայց ոչ սայթաքուն (սալիկային մակերեսի վրա պետք է գցել ռետինացված գորգեր): Շատ կարևոր է կանոնավորել ջրի հոսքը, որպեսզի այն չկուտակվի հատակին: Հենաշարժողական ապարատի խանգարումներով հաշմանդամների համար (չնայած դա հարմար կլինի բոլորին) անհրաժեշտ է տեղադրել պատից բացվող նստարաններ, որոնք ծածկված կլինեն անջրաթափանց նյութով: Այս նստարանները պետք է ամրացված լինեն այնպես, որ մարդը, դրանց վրա նստելով, առանց որևէ դժվարության կարողանա հասնել տաք ու սառը ջուր խառնող ծորակին: Բացի այդ պետք է նախատեսվի նաև ցնցուղի ամրացումը այնպիսի բարձրության վրա, որը մատչելի կլինի նստած մարդու համար: