Վերականգնում

Պառկելախոցերի կանխարգելում

Հյուծող և ծանր հիվանդություններ ունեցող այն անձանց մոտ, ովքեր ստիպված են երկար պառկել մեջքի վրա, և ովքեր բավարար խնամք չեն ստանում, հաճախ են առաջանում պառկելախոցեր: Պառկելախոցերով ամենահաճախ ախտահարվող մասերն են սրբանոսկրը, թիակների շրջանը, ոտնաթաթերը, այսինքն՝ այն մասերը, որտեղ մաշկը ենթարկվում է անկողնու և ոսկրի երկարատև ճնշմանը: Մաշկն աստիճանաբար մահանում է: Ինֆեկցիան առաջացնում է բորբոքում, պառկելախոցը մեծանում է և խորանում: Ծանր դեպքերում պառկելախոցի խորությունը հասնում է ոսկրին և բորբոքումը կարող է տարածվել նաև ոսկրի վրա:
Պառկելախոցերի առաջացմանը նպաստում է հիվանդների վատ խնամքը՝
1) անհարմար, անհարթ, չոր անկողինը, որը բացի այդ հազվադեպ է փոխվում, և այդ պատճառով էլ սավանի վրա ծալքեր են առաջանում, կուտակվում են սննդի կտորներ
2) սավանի և շապիկի վրայի կարերը
3) ոչ մաքրասեր հիվանդների մաշկի փափկումը (մացերացիան)` սպիտակեղենը ուշ փոխելու, աղտոտված մաշկը չլվանալու և չչորացնելու հետևանքով:
4) միևնույն դիրքում հիվանդի երկարատև (1,5-2 ժամից ավել) գտնվելը։
Անկողնու սպիտակեղենը փոխելիս անհրաժեշտ է զննել հիվանդի մարմինը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասերի վրա, որտեղ կարող են առաջանալ պառկելախոցեր՝ վերջիններիս կանխարգելման համար:

Պառկելախոցերի կանխարգելման համար պետք է ձգտել վերացնել դրանց առաջացման պատճառները՝
1) Պառկելախոցերը հաճախ առաջանում են ցնցակաթվածով և զգացողության խախտումներով հիվանդների մոտ: Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը մարմնի դիրքի կանոնավոր փոփոխությունն է, մասնավորապես՝ անկողնում շրջվելը: Անկողինը պետք է լինի հարմար և այն պետք է լինի մաքուր ու չոր: Տետրապլեգիայի դեպքում օգտակար է Ստրայկերի շրջանակը, որի օգնությամբ կարելի է անձին շրջել յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ: Այսպիսով պառկելախոցերի կանխումը ամբողջությամբ կախված է խնամքից:
2) Հատուկ պաշտպանության կարիք ունեն ոսկրային ելուստները (ոտնաթաթերը, հետույքային մասերը, անրակները): Խրոնիկ հիդրոցեֆալիա ունեցող երեխաների մոտ միջոցներ են ձեռք առնվում գլխամաշկի պառկելախոցերի դեմ:
3) Պառկելախոցերի կանխարգելման համար օգտագործվում են ոչխարի բրդից տակդիրներ, ջրային մատրասներ և այլ փափուկ նյութեր: Հնարավոր է կիրառել սպունգային դոշակներ, սակայն սպունգը չպետք է լինի շատ փափուկ, «փխրուն», քանի որ անկողնում երկար ժամանակ անցկացնող մարդկանց մոտ նման դեպքերում կարող է սկոլեոզ և այլ բարդություններ առաջանալ: Չի կարելի օգտագործել կլոր բարձիկներ, որոնց ուռուցիկ մասը կարող է բերել մաշկի իշեմիայի և նպաստել պառկելախոցերի զարգացմանը:
4) Մաշկը պետք է չոր լինի: Հատկապես դրան պետք է հետևել անմիզապահությամբ տառապող հիվանդների մոտ: Մշտական կաթեթերի բացակայության դեպքում օգտագործվում են մոմլաթե հիմքով հատուկ փափուկ բարուրներ (միջադիրներ):
5) Մաշկի խոնավացող կամ քրտնող մասերը մացերացիայի կանխման համար մշակվում են փափկեցնող քսուքներով (օրինակ՝ վազելինով):
6) Մաշկը առողջ պահելու անհրաժեշտ պայմանը լիարժեք սնունդն է:
7) Այտուցների դեպքում մաշկը բարակում է, իսկ դրա արյան շրջանառությունը՝ վատթարանում: Մաշկային ճաքերի կանխարգելման համար անհրաժեշտ են անշարժ վերջույթների այտուցման կանխում և բուժում:

Անկողնային սպիտակեղենի փոխում

Երկարատև անկողնային ռեժիմով ապրող անձանց համար ծայրահեղ կարևոր է հետևել անկողնու մաքրությանը` պառկելախոցերի և մաշկի մացերացիայի (փափկեցման) կանխման նպատակով: Եթե անձը չի կարող հետևել իր խնամքին գիտակցության կամ ինքնուրույն ակտիվ շարժումների բացակայության պատճառով, ապա անկողնային սպիտակեղենի փոխումն իրականցվում է հետևյալ կերպ.
:: Անձը պառկում է կողքի վրա
:: Անհրաժեշտության դեպքում մեջքը պետք է մերսել և մշակել պառկելախոցերը
:: Մեջքի կողմից անձի տակ է հավաքվում հին սավանը
:: Ազատված մասում դրվում է նորը
:: Անձին տեղափոխում են մյուս կողքի վրա
:: Վերցվում է հին սավանը և տարածում են նորը
:: Անձը նորից պառկում է մեջքի վրա
Այս գործողությունը հարմար է կատարել երկուսով, չնայած այն կարող է կատարել նաև մեկ խնամողը:

Խորհուրդներ անվասայլակից օգտվող անձանց

Պառկելախոցերը հաճախ առաջանում են նաև այն մարդկանց մոտ, որոնք տեղաշարժվում են անվասյլակի օգնությամբ: Նրանց մոտ պառկելախոցերի կանխարգելման համար անհրաժեշտ է.
1) յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անվասայլակի հենակներին հենվելով բարձրանալ ձեռքերի վրա 20-25 վայրկյանով (այսպես կոչված «լիֆտ» անել)
2) եթե թույլ են ձեռքերը, նրա օգնականը պետք է ոչ պակաս քան 30 րոպեն մեկ կատարի այսպես կոչված «բալանս»` անվասայլակը բերել ուղղահայաց դիրքի, հետևի երկու անիվների վրա: Բնական է՝ այդ գործողությունը պետք է կատարել զգույշ, սահուն: Եթե հնարավոր է, օգնականը կարող է «բալանս»-ի ժամանակ նստած լինել՝ գտնվելով անվասայլակի հետևում և պահելով այն ձեռքերով:
3) անվասայլակին պետք է նստել հարթ սպունգի վրա: Եթե դա հնարավոր չէ, երբեմն դնում են ռետինե փչովի շրջանակ: Արտասահմանում արտադրվում են ողնաշարի վնասվածք ունեցող մարդկանց մոտ պառկելախոցերի կանխարգելման առավել հուսալի (բայց և թանկարժեք) միջոցներ՝ Roho, Jay և այլ հատուկ «բարձիկներ»:
4) ցանկալի է օրական մի անգամ 1-2 ժամով պառկել (հնարավորության դեպքում՝ կողքի կամ փորի վրա): Վտանգավոր է ամբողջ գիշեր քնել մի դիրքում: Աշխատեք ամեն հնարավորության դեպքում շրջվել կողքից կողք, մեջքի կամ փորի վրա:

Բուժում

1. Եթե մաշկի ախտահարված մասի վրա ճնշումը շարունակվում է, ապա պառկելախոցի լավացումը հնարավոր չէ. ընդհակառակը՝ այն կարող է մեծանալ: Պառկելախոցերը մշակվում են ֆիզիոլոգիական լուծույթով կամ ջրածնի պերօքսիդով, որից հետո զգուշությամբ հեռացվում են նեկրոզային հյուսվածքները: Մեծ պառկելախոցերի վրա դնում են թաց-չորացող վիրակապեր, մինչև չեն առաջանում թարմ հյուսվածքներ: Նաև օգտագործվում են լիթիումային ֆերմենտներով քսուքներ: Այդ քսուքները դրվում են օրական 2-3 անգամ նախնական մշակումից հետո: Այդ ֆերմենտները օգտագործվում են նաև լուծույթների տեսքով՝ դրանցով ներծծված վիրակապերի տեսքով: Առավել մեծ պառկելախոցերի դեպքում անհրաժեշտ է վիրաբուժական մշակում: Մշակումից հետո վերքը պետք է չոր լինի (դրա համար վերքի վրա դրվում է թանզիֆի կամ այլ թեթև վիրակապ):
2. Նաև օգտագործվում են օկլուզիոն վիրակապեր վազելինով կամ ցինկի օքսիդով: Անթացիդային լուծույթներից, որոնք կազմված են ալյումինի կամ մագնեզիումի հիդրոքսիդային գելեր, կարելի է պատրաստել մածուկ, ինչի համար անհրաժեշտ է շշի միջից հեռացնել հեղուկի վերին շերտը: Ախտահարված մասի վրա քսելիս այդ մածուկը կոշտանում է՝ ձևավորելով պաշտպանական շերտ: Սովորաբար այն դրվում է օրական 3 անգամ:
3. Պառկելախոցերի պաթոգենեզում կարևոր դեր է խաղում միկրոցիրկուլյացիայի խախտումը: Շրջապատող մաշկի խոնավացումն ու թեթև մերսումը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը և պառկելախոցի առավել արագ լավացմանը:
4. Ոչ բավարար սննդի և անեմիայի դեպքում պառկելախոցերը դժվար են լավանում:
5. Ընդարձակ, խորը, արտահայտված եզրերով խոցերի դեպքում ցուցված է վիրաբուժական միջամտություն և մաշկի տեղափոխում:
6. Սովորաբար ինֆեկցիան չի հանդիսանում խոցի պատճառ, սակայն ծանր պառկելախոցերի դեպքում հնարավոր է կյանքի համար վտանգավոր սեպսիսի զարգացում: Հակաբիոտիկների տեղային կիրառումը այս դեպքում արդյունավետ չէ:
7. Պառկելախոցի վրա սինթետիկ՝ ջրի և թթվածնի համար թափանցելի նյութից վիրակապի դնելը, ըստ երևույթին, արագացնում է դրա լավացումը: Վիրակապը թողնում են այնքան ժամանակ, մինչև նրա վրա խոնավություն չառաջանա: Սկզբնական շրջանում վիրակապը հաճախակի է փոխվում, այնուհետև (երբ պառկելախոցը սկսում է լավանալ)՝ ավելի ու ավելի հազվադեպ և, վերջապես, այն սկսում են փոխել շաբաթը մեկ անգամ: Ծայրահեղ հազվադեպ բարդացում է ենթամաշկային ցանցաշերտի բորբոքումը: