Ժամանց

Մշակույթ

Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները ողջ աշխարհում մեծ նշանակություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային ինտեգրմանը` նրանց մասնակցությունը երկրի մշակութային կյանքում:
Հայաստանում գործում են տարբեր ստեղծագործական խմբեր, ինչպես հաշմանդամների, այնպես էլ ինտեգրված: Դրանցից են` մշակույթի տունը Խուլերի միությունում, մնջախաղի «Օվասիա» թատրոն-ստուդիան «Կամք և կորով» ՀԿ-ում, ասեղնագործության, նկարչության, փայտի փորագրության և խեցեգործության խմբակները «Փյունիկ» ՀԿ-ում, նկարչության, բրնձագործության, գեղագիտական ձևավորման, կավագործության, թատերական և տիկնիկային խմբակները «Փրկություն» ՀԿ-ում, ներառական թատերախումբը «Հույսի կամուրջ» ՀԿ-ում, ձայնագրման ստուդիան, քառաձայն երգչախումբը, ժողովրդական գործիքների նվագախումբը և Մշակույթի տունը կույրերի միավորումում, կերպարվեստի ստուդիան և մեծամասամբ հաշմանդամություն ունեցող անձանցից կազմված «Փարոս» կամերային երգչախումբը «Ունիսոն» ՀԿ-ում: Պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, տոնավաճառներ և մրցույթներ, որտեղ ի ցույց են դրվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքներն ու մշակութային ներուժը:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն չունեն լիարժեք մասնակցել երկրի մշակութային կյանքին` մատչելիության բացակայության պատճառով: Ճարտարապետական արգելքների հետևանքով հաշմանդամների ճնշող մեծամասնությունը չի կարող այցելել մշակութային միջոցառումներ, համերգներ, թանգարաններ, ցուցահանդեսներ և այլն: Հայաստանում գործող հարյուրավոր մշակութային օջախներից հաշմանդամություն ունեցող անձանց համար լիովին կամ մասամբ մատչելի են Նարեկացի արվեստի միությունը, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը, Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Գեղագիտության ազգային կենտրոնը, «Դալան» պատկերասրահը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը և «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիուտը և Մոսկվա կինոթատրոնը:
Մշակութային և հասարակական նշանակության այլ շինությունների մատչելիության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար այցելեք map.disability.am.