Կրթություն

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Այս իրավունքի իրացումը յուրաքանչյուր անհատի ձևավորման, զարգացման և հետագայում զբաղվածության հիմնական գրավականն է: Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը, սակայն, հնարավորություն չունեն իրացնելու իրենց կրթության իրավունքը` մատչելի միջավայրի, կրթության ներառական համակարգի, ուսուցիչների կողմից խտրական վերաբերմունքի, մասնագետների բացակայության և այլ պատճառներով:
Որոշակի առաջընթաց է նկատվել միջին-մասնագիտական կրթության բնագավառում: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման շնորհիվ (LIFE)» ծրագրի շրջանակներում միջին մասնագիտական ուսումնարանների հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք կրթությունը անվճար հիմունքներով շարունակելու և կրթաթոշակ ստանալու հնարավորություն են ստացել: Միայն 2012թ.-ին հաշմանդամություն ունեցող 53 երիտասարդներ ընդունվել են միջին մասնագիտական/արհեստակցական կրթական հաստատություններ:


***Լուսանկարները ստեղծվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման շնորհիվ (LIFE)» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երիտասարդներ (այդ թվում նաև լուսանկարներում պատկերված անձինք) անվճար հիմունքներով ընդունվել և սովորում են միջին մասնագիտական լավագույն ուսումնարաններում:

Ըստ ՀՀ հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2012թ. զեկույցի, Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8045 երեխա, նրանցից 1700-ը սովորում են ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 2700-ը` հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գործում է 81 ներառական դպրոց, սակայն, նույնիսկ այս դպրոցներում, բացակայում են ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ պայմանները (ֆիզիկական մատչելիություն, բազմազան ձևաչափերի կրթական նյութեր, համապատասխան մասնագետներ և այլն): Հատկապես ակնառու են բացերը լսողական և տեսողական հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցման բնագավառում: Այսպիսի խնդիրներ ունեցող երեխաները հիմնականում ստիպված են սովորել հատուկ ուսումնական հաստատություններում:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների կրթությունը կազմակերպվում է հատուկ հանրակրթական 24 դպրոցներում, որոնք գործում են երկարօրյա և գիշերօթիկ ռեժիմով և նախատեսված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:
Բարձրագույն կրթության բնագավառում իրավիճակը միանշանակ չէ: ՀՀ օրենսդրությունը 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունք է շնորհում դիմել պետական բուհերի մրցույթից դուրս տեղերի համար (պետպատվերի շրջանակներում): Բայց, մատչելիության բացակայության և վերոհիշյալ այլ խնդիրների պատճառով հաշմանդամություն ունեցող անձանց գերակշիռ մասը, հատկապես անվասայլակից օգտվող անձինք, չեն կարող օգտվել այս հնարավորությունից (բարձրագույն ուսումնական հաստատություններից միայն Հայաստանի ամերիկյան համալսարանն է մատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար): Բացի այդ, միջնակարգ կրթության բնագավառում առկա խնդիրների պատճառով հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը չեն ստանում միջնակարգ կրթություն և, բնականաբար, չեն կարող դիմել ԲՈՒՀ: Արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը չունի բարձրագույն կրթություն: