Զբաղվածություն

Ընդհանուր բնութագիր

Զբաղվածության ապահովումը տնտեսական աճի և անձնական բարօրության հիմնական նախադրյալն է: Իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածությունը ոչ միայն ֆինանսական ապահովության, այլ նաև անկախ կյանքի և սոցիալական ինտեգրման գրավականն է: Բացի անձնական շահերից, աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության բարձրացումը նաև տնտեսական աճի կարևոր խթան է: Սոցիալական այս խմբի գործազրկության մակարդակի նվազեցումը կհանգեցնի կենսաթոշակային կախվածության նվազեցմանը և կավելացնի երկրի հարկատուների թիվը: Զբաղվածության խթանումը կարևոր է նաև սոցիալական ներառման համար, քանի որ նպաստում է ֆիզիկական և մտավոր առողջության, անձնական բարօրության և ինքնորոշման զարգացմանը:


***Լուսանկարները ստեղծվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման շնորհիվ (LIFE)» ծրագրի շրջանակներում:


Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը` ՀՀ կառավարությունը սահմանել է որոշակի արտոնություններ թե´ հաշմանդամություն ունեցող անձանց, թե´ նրանց աշխատանքի ընդունող գործատուների համար: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զբաղվածության ցուցանիշը անհամեմատ ցածր է` 8-9 տոկոս: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աճը խոչընդոտող գործոններն են` օրենսդրական բացերն ու անհամապատասխանությունները, գործատուների խտրական վերաբերմունքը, աշխատավայրերում անմատչելի միջավայրը, իրազեկման պակասը, մատչելի հանրային տրանսպորտի բացակայությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում մասնագիտական որակավորման և հմտությունների պակասը:
Վերոհիշյալ խնդիրներին լուծում տալու և զբաղվածության խթանման նպատակով բազմաբնույթ ծրագրեր են իրականացնում Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները: Դրանց աշխատանքի արդյունքում վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտում որոշակի առաջընթաց է արձանագրվել: Հաշմանդամներին աշխատանքի ընդունման գաղափարը շրջադարձային փոփոխության է ենթարկվել՝ բարեգործական նախաձեռնությունից վերածվելով մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ ռազմավարության: Հաշմանդամություն ունեցող անձիք այժմ հաջողությամբ աշխատում են այնպիսի առաջատար ընկերություններում, ինչպիսիք են օրինակ Վիվասել ՄՏՍ-ը, Օրանժը, Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ն, ինչպես նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում և հասարակական կազմակերպություններում:
Զբաղվածության ապահովմանն ուղղված ընթացիկ ծրագրերից առավել ծավալունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» եռամյա (2012-2015) ծրագիրն է, որն իրականացվում է «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության կողմից` «ՙԱկտիվա» միջազգային հիմնադրամի, «Ունիսոն» ՀԿ-ի, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամի և «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները` հաշմանդամություն ունեցող անձանց անհատական զարգացման, գնահատման, հմտությունների խթանման և աշխատանքի տեղավորման, ծառայություններ մատուցողների, ՀԿ-ների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողությունների զարգացման, հանրային իրազեկման բարձրացման, ինչպես նաև համապատասխան ազգային ռազմավարության ու քաղաքականության մշակման հարցում ՀՀ Կառավարությանը խորհրդատվության միջոցով:
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման նպատակով ստեղծվել է jobs.disability.am կայքը, որտեղ կարող եք գրանցվել որպես աշխատանք փնտրող, ծանոթանալ առկա թափուր աշխատատեղերին այն կազմակերպություններում, որոնք որդեգրել են աշխատանքի ընդունման ներառական քաղաքականություն, ինչպես նաև ծանոթանալ զբաղվածությանը վերաբերող օրենսդրական դաշտին: