Զբաղվածությանը վերաբերող իրավական ակտեր

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքներն ու արտոնությունները կարգավորող օրենսդրական ակտերն են` Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենք (Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին ՀՀ օրենքի նախագիծ), ՀՀ աշխատանքային օրենսգիրք և Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենք:

Արգելվում է հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկաաշխատանքային փորձաքննության եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառնում է այլ անձանց առողջությանն ու աշխատանքի անվտանգությանը: Արգելվում է նաև աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնում ստացող անձանց ( Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենք, հոդված 17):

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա իրավունք ունեն աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով`ոչ լրից աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Հաշմանդամները իրենց համաձայնությամբ կարող են ներգրավվել արտաժամյա (նաև ոչ աշխատանքային օրերի և գիշերային) աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ (հոդված 141 և 144):

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվում է աշխատաժամերի կրճատ տևողություն`առավելագույնը շաբաթական 36 ժամ: Աշխատանքի ընդունելիս՝ հաշմանդամների համար փորձաշրջան չի սահմանվում: Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից ( Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենք, հոդված 19):

Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է: Սակայն, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տաuներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր, գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը: Այս դեպքում հաշմանդամ աշխատողները կարող են դիմել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով (ԲՍՓՀ), որն իրավասու է թույլատրել երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրվում է բժշկական հաստատության կողմից և ապահովագրական նպաստի նշանակման հիմք է:
Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար՝ աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը, կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

Օրենքը արտոնություններ է սահմանում նաև հաշմանդամներին աշխատանքի ընդունող կազմակերպությունների համար: Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով (Շահութահարկի մասին ՀՀ օրենք, հոդված 38): Խրախուսական այլ մեխանիզմներին կարող եք ծանոթանալ Պետական ծրագրեր բաժնում:
Զբաղվածության ոլորտում որոշակի օրենսդրական փոփոխություններ է նախատեսում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա)` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար: (հոդված 13):