Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը: Ավելի քան 1 միլիարդ անձ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ և, չնայած վերջին տարիներին արձանագրված մեծ առաջընթացին, շարունակում է խնդիրների հանդիպել կյանքի տարաբնույթ ոլորտներում: Հատկապես ծանր է իրավիճակը զարգացող երկրներում, որոնցից մեկն է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանում ապրող ավելի քան 194,000 հաշմանդամություն ունեցող անձինք միջավայրի անմատչելիության, հասարակության կողմից խտրական վերաբերմունքի, կարծրատիպերի, համապատասխան սոցիալական, բժշկական և այլ ծառայությունների պակասի, օրենսդրական բացերի, մատչելի տրանսպորտի բացակայության և այլ խնդիրների պատճառով հնարավորություն չունեն ակտիվորեն մասնակցելու երկրի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:
Վերջին տարիներին ոլորտում որոշակի առաջընթաց է նկատվել հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանքի և պետական բարեփոխումների շնորհիվ: Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (2010թ.), այդպիսով հիմք դնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր, սոցիալական մոդելի ստեղծման համար: Այնուամենայնիվ, չնայած առկա առաջընթացին, հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են դժվարությունների հանդիպել կյանքի բոլոր ոլորտներում` զբաղվածություն, կրթություն, մշակույթ և այլն:
Մեր կայքում դուք կգտնեք օգտակար տեղեկություններ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների գործունեության վերաբերյալ, հաշմանդամների համար կրթության, զբաղվածության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների մատչելիության, համապատասխան օրենքների և իրավունքների, երկրում սոցիալական այս խմբի կյանքի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ ձևավորված կարծրատիպերին և դրանց հաղթահարման մեթոդներին, համապատասխան տերմինաբանությանը, ինչպես նաև վարվելակերպի ընդհանուր կանոններին, որոնց անհրաժեշտ է հետևել տարբեր տեսակների հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփման ժամանակ: 2013թ. թարմացման շնորհիվ կայքում տեղ է գտել նաև մատչելիության ուղեցույց և աշխատանքի որոնման յուրօրինակ ռեսուրս: