Նորություններ

/2014-01-10/ «Սեքյուրիթի դրիմը» իրականություն է դարձրել տասնյակ հաշմանդամների աշխատանք գտնելու երազանքը
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ներուժը մեր երկրում դեռ չի գտել իր լայն կիրառումը, այնուհանդերձ տարեցտարի ոչ խտրական քաղաքականություն որդեգրած ընկերությունների թիվը աճում է: Հատկապես մեծ առաջընթաց նկատվեց 2012թ.-ից, երբ մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությամբ ֆինանսավորվող և Սեյվ դը չիլդրեն կազմակերպության կողմից իրականացվող LIFE ծրագիրը:





Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին բազմաթիվ կլոր-սեղաններ, աշխատատեղերի տոնավաճառներ, քարոզարշավներ, այլ միջոցառումներ: 2013թ. հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու պատրաստակամ գործատուների ցանկը համալրվեց ևս մեկ` «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությամբ: Առաջին բանակցություններն այս գործատուի հետ տեղի ունեցան 2012թ.-ի նոյեմբեր ամսին «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության և «Ունիսոն» ՀԿ-ի միջև: Հանդիպման ժամանակ ձեռք բերվեց շարունակական համագործակցության պայմանավորվածություն, որի արդյունքները երկար սպասել չստիպեցին: Արդեն իսկ 2013թ.-ի մայիսին առաջնային պահանջներին (համակարգչային բավարար գիտելիքներ, տեսողության և ձեռքերի հետ կապված խնդիրների բացակայություն) համապատասխանող անձանց համար անցկացվեց քննություն և մրցութային կարգով 6 հաշմանդամություն ունեցող անձ ընդունվեցին «Սեքյուրիթի դրիմ»: Վերջիններիս հավաստմամբ, արդեն իսկ աշխատանքային պրակտիկայի օրերին իրենց պարզ դարձավ, որ բացի ֆինանսական վաստակից նրանք նաև «շահեցին» ջերմ գործընկերական շրջապատ:

/2013-12-25/ Երաժշտական տեսահոլովակ «Փարոս» կամերային երգչախմբի կողմից
Միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախմբի տեսահոլովակ աշխարհահռչակ պարող, Սան-Ֆրանցիսկոյի բալետի Գլխավոր մենակատար Դավիթ Կարապետյանի հետ: Ռեժիսոր` Վահե Խաչատրյան, գեղ.ղեկ և խմբավար` Րաֆֆի Միքայէլեան: Տեսահոլովակը պատրաստված է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Փարոս» Հիմնադրամի աջակցությամբ: Սեղմեք այստեղ տեսահոլովակը դիտելու համար:

Salve Regina

/2013-08-28/ Կարգին սոց. գովազդ (Հայկո Մկո)
«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը և Կարգին Թիվին ներկայացնում են նոր սոցիալական տեսահոլովակ «Արդարությունը ձեր ձեռքերում է» խորագրով: Սցենարի հեղինակ և պրոդյուսեր` Հայկ Մարության, ռեժիսոր` Արման Մարության, գլխավոր դերերում` Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան (Հայկո Մկո): Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը` գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ:

Hayko Mko

«Ունիսոն» ՀԿ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին և Մկրտիչ Արզումանյանին` հոլովակում բարեգործական հիմունքներով նկարահանվելու համար: Տեսահոլովակը դիտելու համար այցելեք «Ունիսոն» ՀԿ-ի Youtube-ի պաշտոնական ալիքը:

/2012-12-03/ Ներկայացվեցին LIFE ծրագրի առաջին տարվա արդյունքները
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը մասնակցեցին «Սեյվ դը չիլդրեն» և «Ունիսոն» կազմակերպությունների կողմից կազմակերպված մամլո ասուլիսին և ֆոտոցուցահանդեսին, որոնք նվիրված էին Հաշմանդամների միջազգային օրվան: Միջոցառումը կազմակերպվել էր «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» խորագրով քարոզարշավի շրջանակներում, որն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի նախաձեռնություններից էր:

click to enlarge Քարոզարշավն իրականացվել է 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի բոլոր մարզերում` նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) զբաղվածության հավասար իրավունքները: Կազմակերպվել են հանրային միջոցառումներ ու կլոր սեղան քննարկումներ, աշխատանքի տոնավաճառներ ու ցուցահանդեսներ, մամլո ասուլիսներ ու մարզային հանձնաժողովների նիստեր, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել դաշտի հիմնական դերակատարներն ու պետական կառավարման մարմինները, գործատուներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրատվամիջոցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք: Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեցին ինչպես քարոզարշավի, այնպես էլ LIFE ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Ֆոտոցուցահանդեսը եզրափակեց քարոզարշավը` ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը:

/2012-10-30/ Շրջանակից այն կողմ
Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու և նրանց նոր լույսով ներկայացնելու նպատակով «Մոսկվա» կինոթատրոնի այցելուներին ներկայացվեց մի եռօրյա յուրատեսակ ֆոտոցուցահանդես, որի նախաձեռնողը «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն էր: Նախաձեռնության հիմնական նպատակն է՝ ակնառու կերպով բարձրաձայնել այն պարզ իրողությունը, որ համապատասխան հնարավորության ընձեռնման դեպքում հաշմանդամը կարող է հաջողությամբ ներառվել ցանկացած, նույնիսկ ամենաանսպասելի ոլորտներում՝ հասնելով մեծ բարձունքների և իրագործելով դեռևս չբացահայտված ներուժը: Հակառակ բոլոր կարծրատիպերին, հաշմանդամ կինը այս լուսանկարներում մարմնավորում է գեղեցկության և հմայքի, ազատության և ինքնատիպության գաղափարը: Հաշմանդամությունը, նկատելի էր միայն առաջին լուսանկարներում, մնացած նմուշներում ֆիզիկական խնդիրները մնում են «կադրից դուրս»: Մոդելները, որոնց համար սա առաջին փորձն էր ոլորտում, նորովի բացահայտեցին սեփական անձը, գրավիչ լինելու արվեստը և կերպարային փոփոխությունների լայն հնարավորությունները:
Նախագծին մասնակցել է 11 մոդել՝ Երևանից (Տիգրանուհի Մինասյան, Անահիտ Վարդանյան, Լիլիթ Պետրոսյան) և Հայաստանի 7 մարզերից՝ Արագածոտն (Անահիտ Խալաթյան), Կոտայք (Լուիզա Սուքիասյան), Գեղարքունիք (Անի Ղուկասյան), Լոռի (Քրիստինե Փիրուզյան), Սյունիք (Մերի Մեժլումյան), Շիրակ (Գրետա Վարդանյան և Քրիստինե Աղանյան) և Արմավիր (Մերի Մլհամյան): Ֆոտոմոդելները անձամբ ներկա էին ցուցահանդեսի բացմանը և չէին թաքցնում իրենց հուզմունքը. «Չէի կարող անգամ պատկերացնել, որ ինձ կընձեռնվի այսպիսի բացառիկ ֆոտոցուցահանդեսի գլխավոր հերուսուհիներից մեկը դառնալու հնարավորություն», խոստովանում է Լուիզա Սուքիասյանը։ Իսկ Մերի Մեժլումյանի համար իրականացավ ֆոտոմոդել դառնալու կյանքի իր մեծագույն երազանքը: Կրքոտ և ռոմանտիկ, օրիենտալ և էկզոտիկ, հարսանեկան և տիպային կերպարների միջավայր էին տեղափոխում լուսանկարները ցուցահանդեսի այցելուներին: Էլեգանտ ոճով և գեղարվեստական նուրբ ճաշակով էին արված նաև նյու ժանրի լուսանկարները: Ֆոտոմոդելների ոճային բազմազանության հեղինակն է արհեստավարժ աշխատանքային խումբը` լուսանկարիչներ Սուրեն Մանվելյանը, Ռասմիլա Ալավերդյանը, Եվգենիա Էվոյանը, Մարիաննա Մելիքսեթյանը և Գարեգին Ղազարյանը, ոճաբաններ Սեդա Մանուկյանը («Ատեքս») և Կարինե Ավագովան, վարսահարդարներ Արմեն Մուրադյանը և Արմեն Վենետիկյանը ու դիմահարդարներ Սոնա Աբրահամյանը և Նարինե Հովհաննիսյանը:

/2012-09-04/ Զբաղվածության խթանման նոր միջոցներ
Աշխատունակ տարիքում գտնվող հաշմանդամների 92%-ը աշխատանք չունի: Որպես պատճառ առաջ են բերվում տարբեր գործոններ՝ թափուր աշխատատեղերի բացակայություն Հայաստանում, գործատուների մոտ արմատացած կարծրատիպեր հաշմանդամի անաշխատունակության մասին, միջավայրի անմատչելիություն և այլն: Սակայն, ուսումնասիրելով ներկայիս աշխատաշուկան, գալիս ենք այն եզրակացության, որ աշխատատեղերը այնքան էլ սակավաթիվ չեն, գործատուներից մի մասը արդեն որդեգրել է ոչ-խտրական վերաբերմունքի մասին քաղաքականությունը, իսկ տվյալ սոցիալական խմբի զբաղվածության աճը միևնույն է տեղի է ունենում չափազանց դանդաղ տեմպերով: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ հաշմանդամներից շատերն իրենք դեռ պատրաստ չեն անկախ ապրելակերպի անցնելու, աշխատաշուկա մտնելու, և իրենց ներուժը գործատուին առաջարկելու: Այս խոչընդոտները վերացնելու նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում անցկացվում են «Աշխատանքի պատրաստվածություն և կյանքի հմտություններ» 5-օրյա դասընթացները: Դասընթացը ծանոթացնում է աշխատանք փնտրող հաշամանդամներին օրենսդրական դաշտին, պետական ծրագրերին, նախապատրաստում է նրանց աշխատանքի որոնման գործընթացի բոլոր փուլերին, օգնում է մասնագիտական առումով ճիշտ կողմնորոշվել, և ամենակարևորը, լինել ինքնուրույն: Թե´ զրույցների, թե´ տեսանյութերի ցուցադրման, և թե գործնական վարժությունների միջոցով մասնակիցներին փոխանցվում է այն մոտեցումը, որ պետք է ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները՝ մշտապես ձգտելով նորանոր հնարավորությունների բացահայտմանը և զարգացմանը, լինել նախաձեռնող և անկախ՝ որոշումներ կայացնելու հարցում, և, անշուշտ, առաջացնել հարգանք սեփական անձի հանդեպ՝ ինչպես մասնագիտական առումով, այնպես էլ արժանապատիվ պահվածքով: Թրենինգը նաև հաղորդում է համակարգչային որոշ գիտելիքներ, որոնք 21-րդ դարում անհրաժեշտ գործիք են դարձել աշխատանքի որոնման գործընթացում: Իսկ հատուկ համակարգչային ծրագրի ուսուցումը նոր հեռանկարներ է բացում նաև կույր անձանց համար: Դասընթացներն անվճաար են: Գրանցվելու համար դիմեք «Ունիսոն» ՀԿ:

/2013-03-15/ «Արև»-ային հմտությունների զարգացում
Հաշմանդամության տեսակները բազմապիսի են, և աշխատանքի ընդունման, ինչպես նաև այդ գործընթացին նախապատրաստման ժամանակ շատ կարևոր է հաշվի առնել այդ տեսակներին բնորոշ առանձնահատկությունները և յուրահատուկ կարիքները: Այս սկզբունքով առաջնորդվելով, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը LIFE ծրագրի շրջանակներում անցկացվող «Աշխատանքի պատրաստվածություն և կյանքի հմտություններ» դասընթացները կազմակերպում է 2 տարբերակով: Առաջինի դեպքում պարապմունքները խմբակային են` բացի տեսական մասից, թրենինգը ներառում է խաղեր, թիմային վարժություններ, տեսանյութերի դիտում և այլ ինտերակտիվ տարրեր, իսկ երկրորդ տարբերակը նախատեսված է միայն չտեսնող շահառուների համար: Այստեղ նյութի մատուցման և հմտությունների զարգացման մեթոդաբանությունը բոլորովին այլ է` դասընթացները անհատական են, հիմնականում ենթադրում են կույր անձանց համար նախատեսված համակարգչային ծրագրերի (Արև, Jaws) ուսուցումը և կարող են տևել յուրաքանչյուր անձի համար մինչև 3 ամիս: Նշեմ, որ գործատուներից շատ քչերն են տեղեկացված այս ծրագրերի գոյության մասին, առավելևս, պատկերացնում, թե աշխատանքային ներուժի դրսևորման ինչ լայն հնարավորություններ են նրանք տալիս չտեսնող մարդկանց: Այնինչ տեսողության լուրջ խնդիրներ ունեցողների մեծ տոկոսն ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է լայն պահանջարկ ունեցող մասնագիտությունների` հոգեբանություն, իրավաբանություն, քաղաքագիտություն և այլն: Ինչպես ասեց դասընթացների մասնակիցներից մեկը` մասնագիտությամբ իրավաբան Գեորգի Գրիգորյանը, «Ինձ համար այս դասընթացների նշանակությունը անգնահատելի է, քանի որ համակարգիչը և ինտերնետը ինֆորմացիայի ստացման և փոխանցման արժեքավոր աղբյուր են, հնարավորություն են տալիս միշտ տեղեկացված լինելու իմ մասնագիտությանը վերաբերող նորություններին և, ամենակարևորը, կատարել դա ինքնուրույն: Իսկ անկախությունը համակարգչային ոլորտում մեծապես նպաստում է ինքնուրույնության դրսևորմանը նաև կյանքի բոլոր ասպարեզներում»:

/2012-03-01/ «Փարոսի» հաղթանակը Բրատիսլավայում
«Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Րաֆֆի Միքայէլեան) նոր ուշագրավ հաջողության է հասել արտերկրում: Մայիսի 26-ից 29-ը մասնակցելով Musica Sacra երգչախմբային երաժշտության 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, որը տեղի ունեցավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, տաղանդաշատ կոլեկտիվը նվաճեց երկու բրոնզե պարգև` «Կամերային երգչախումբ (16-ից 23 կատարող) և Եկեղեցական երաժշտություն» անվանակարգերում:Բացի այդ, «Փարոսը» նաև արժանացել է հատուկ մրցանակի` «Հայկական երաժշտությունը ներկայացնելու համար»: Հայաստանի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ կատարեցին Կոմիտասի, Մակար Եկմալյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Իսկ մինչև Musica Sacra մրցույթ-փառատոնին մասնակցելը Վիեննայի քաղաքապետարանի հրավերով երգչախումբը չորս համերգ ունեցավ Ավստրիայի մայրաքաղաքում: Այդ համերգներին անդրադարձավ նաև ավստրիական մամուլը:
«Փարոս» կամերային երգչախումբը ստեղծվել է 1993 թվականին: Երգչախմբում ընդգրկված կատարողներից շատերը սայլակավոր հաշմանդամներ են: Կոլեկտիվը հաջողությամբ հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Ավստրիայում, Անգլիայում, Սլովակիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Վատիկանում, Վրաստանում, Լիբանանում: