Վերականգնում

ՀՀ-ում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց անվճար վերականգնողական օգնությունը տրամադրվում է սոցիալ-հոգեբանական անհատական վերականգնողական ծրագրի համաձայն: Ծրագիրը կազմվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության կողմից` անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Դիմումից հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում է տնային այցելություն և գնահատվում է անձի սոցիալական խնդիրներն ու կարիքները: Արդյունքում մշակվում է ծրագիր, որի նպատակը հաճախորդի հիմնական պահանջմունքները հնարավորինս բավարարմանը, ինքնուրույնության զարգացմանը, ինչպես նաև նրա սոցիալական և ֆինանսական խնդիրների լուծմանն օժանդակելն է: Ծրագիրն ընդգրկում է անձի սոցիալական խնդիրների նկարագիրը և դրանց լուծման հնարավոր եղանակները: Ծրագրում առաջարկվող սոցիալական ծառայությունների տեսակներն ընտրվում են անձի պահանջմունքներին համապատասխան և համարժեք` ապահովելով դրանց շարունակականությունը:

Վերականգնողական հաստատություններ

Բժշկական վերականգնման օգնությունը տրամադրվում է համապատասխան բուժօգնության տեսակ իրականացնող հանրապետական, մարզային, քաղաքային և համայնքային բժշկական հաստատություններում, վերականգնողական կենտրոններում և առողջարաններում` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:
Հոգեբանական վերականգնման օգնությունը տրամադրվում է հոգեբանական օգնություն տրամադրող մասնագիտացված հաստատություններում, ինչպես նաև հանրապետական, մարզային, քաղաքային և համայնքային բժշկական հաստատություններում և վերականգնողական կենտրոններում:
Մասնագիտական վերականգնման օգնությունը տրամադրվում է`
ա/Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում և նրա տարածքային մարմիններում.
բ/միջին մասնագիտական և պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում.
գ/կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գործառույթներ իրականացնող կազմակերպություններում:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործում են «Բուժվերականգնողական» և «Սթրես» կենտրոնները։ Կենտրոններում իրականացվում են հաշմանդամների բժշկա-սոցիալական և հոգեբանական վերականգնման ծրագրեր։ «Բուժվերականգնողական» կենտրոնում գործում են թերապեւտիկ, վիրաբուժական, վնասվածքաբանական և նյարդաբանական բաժանմունքներ։ «Սթրես» կենտրոնում գործում են ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքներ։ Հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել վերոնշյալ ծառայություններից անվճար։

Հայաստանում գործում է նաև տարածաշրջանում միակ՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը (ՄՀՎՎԿ), որը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո մի քանի տասնյակ երկրների Կարմիր Խաչի ընկերությունների միջոցներով։ Կենտրոնում իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժում:

Կատարվում են նաև դիսպանսեր տնային այցելություններ հաշվառման վերցրած ողնաշարի և ողնուղեղի վնասվածքով հաշմանդամություն ունեցող անձանց համար` ցուցաբերելով բժշկական օգնություն և հետազոտում: Ողնուղեղի և ողնաշարի վնասվածքով յուրաքանչյուր հիվանդի հետ աշխատում է առանձին բժիշկ, բույժքույր, վերականգնող թերապևտ, հոգեբան և սպորտային մարզիչ: Կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով և լիովին հարմարեցված է հաշմանդամային սայլակներ օգտագործող մարդկանց համար, որոնք հիմնականում անցնում են վերականգնողական թերապիան պետ. պատվերի շրջանակներում։ Գործում է նաև առողջարանային բաժանմունքը, որտեղ վճարովի հիմունքներով բուժվում են բոլոր այն անձինք, ովքեր կարող են վճարել ուղեգրի համար (անկախ հաշմանդամության կարգավիճակ ունենալուց)։ Կարելի է դիմել նաև ՀՀ առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»։ Չնայած ինստիտուտը ոչ լրիվ է մատչելի հաշմանդամների համար, հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ անցնում են այնտեղ բուժման և վերականգնման կուրսը։