Մատչելիություն


Փողոցներ


Հենաշարժողական ապարատի վնասվածք


Անցումների և եզրազարդերի ցածրացում


Քաղաքով երթևեկելիս անվասայլակով հաշմանդամի համար ամենագլխավոր արգելքներից մեկը եզրազարդերն են: Նրանք չեն թողնում առանց կողմնակի օգնության դուրս գալ ճանապարհային ծածկույթից մայթ, կամ ազատ անցնել խաչմերուկները: Այս արգելքները հաղթահարելու համար պատրաստվում են անցումներ և իջեցվում են ճանապարհների եզրազարդերը: Դրանք փոքր թեքատներ են և ինչպես բոլոր թեքատները պետք է ունենան 1:10 ոչ ավել թեքություն, իսկ դրանց լայնությունը, հաշվի առնելով սայլակի չափսերը, պետք է լինի առնվազն 90սմ։ Առավել հարմարության համար ցածրացրած եզրազարդը ցանկալի է ներկել վառ դեղին կամ սպիտակ գույնով:
Ցավոք Հայաստանում (հատկապես մարզերում) մայթեզրերի մեծ մասը համալրված չեն թեքատներով, կամ դրանք չեն համապատասխանում վերոհիշյալ նորմերին: Ուստի անվասայլկաով օգտվող անձինք հաճախ օգնության կարիք են ունենում մայթեզրերը հաղթահարելու համար:

Մայթեզրից կամ աստիճաններով սայլակ օգտագործող անձին իջեցնելու/բարձրացնելու համար վարվեք հետևյալ կերպ։
1) Ամուր բռնեք սայլակի ետևի բռնակներից և ոտքը դրեք սայլակի ներքևի մասում գտնվող երկաթյա ձողերից մեկի վրա:
2) Սեղմեք ձողը և սայլակը բարձրացրեք ետևի անիվների վրա («բալանս» արեք):
3) Զգուշորեն առաջացեք այս դիրքով` պահպանելով «բալանսը» և սայլակը դանդաղորեն իջեցրեք գետնին, այնուհետև իջեցրեք առջևի անիվները` սայլակը բերելով հորիզոնական դիրքի:




Ավտոկանգնատեղ


Յուրաքանչյուր տրանսպորտային փոխադրամիջոցների կայանում, այդ թվում և առևտրային, բժշկական, այլ տեսակի սպասարկման, մշակութային հաստատությունների կողքին հարկավոր է 10% տեղ հատկացնել հաշմանդամներին անձնական հատուկ ավտոտրանսպորտի համար: Այդ կայանները պետք է զինել ընդգծված նշաններով, որոնք կարգելեն մյուս փոխադրամիջոցներին այնտեղ իջևանել: Անհրաժեշտ է, որ կանգնատեղը ունենա 3,5մ ոչ պակաս տարածք, քանի որ հարկ է լինելու նաև սայլակն իջեցնել: Շատ կարևր է ապահովել անարգել ճանապարհ՝ տանող դեպի այն հաստատությունը, որի դիմաց կառուցված է կայանատեղը, քանի որ հազվադեպ չեն այնպիսի դեպքեր, երբ հաշմանդամը մի բարձր եզրազարդի պատճառով չի կարողանում ինքնուրույն հասնել, օրինակ, խանութ:

Սահմանափակ տեսողություն

Հաշվի առնելով այն, որ հիմնական ինֆորմացիան մարդն ընկալում է տեսողական զգայարանով, պարզ է որ կույր կամ թույլ տեսողությամբ մարդկանց հիմնական բարդույթը շրջապատող աշխարհի թերընկալումն է: Այստեղ հերթական անգամ կարելի է շեշտը դնել քաղաքի հարմարավետության վրա, հասարակական տրանսպորտի, հարմարեցված կառույցների և այլն… Շատ հաճախ այս ամենի բացակայության պատճառով լուրջ վտանգի է ենթարկվում չտեսնող անձի կյանքը:

Գրեթե բոլոր այս բարդույթներից կարելի է խուսափել, եթե վերը նշված հարմարավետություններն ապահովել ու դրանով փոխհատուցել նրանց տեսողության բացակայությունը: Ամենից առաջ ճանապարհներին անպայման պետք է լինեն ռելիեֆային ուղեցուցիչներ, որոնք կհուշեն կույր մարդուն ճիշտ ճանապարհի ուղղությունը: Հարկավոր է նաև այդ ռելիեֆներն ու ճամփեզրերը ներկել վառ դեղին կամ սպիտակ գույնով՝ թույլ տեսողությամբ մարդկանց համար: Տեսողության ամբոջովին կամ մասամբ բացակայությամբ անձանց զգուշացման համար հարկավոր է, որ բոլոր մայթերը (աստիճանները և այլն) ունենան առնվազն 80սմ հեռավորությամբ նախազգուշակցական ինֆորմացիա, որն իրականացվում է ճանապարհաշինական ֆակտուրաների ձևափոխումների միջոցով: Իսկ վատ տեսնող մարդկանց համար այդ ամենը պետք է ներկված լինի դեղին կամ սպիտակ գույնով:

Դա կօգնի զգուշացնել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց սանդուղքաշարի սկզբի և վերջի մասին: Նաև խորհուրդ է տրվում սանդուղքի բոլոր աստիճանները ներկել հակադրական գույներով (աստիճանների վերին մասերը՝ բաց, իսկ ներքին մասերը՝ մուգ գույնով): Այս պահանջը կարելի է իրականացնել տարբեր երանգների երեսպատման նյութերի հավաքման միջոցով: Հաշմանդամների շարժման ճանապարհին սանդուղքի աստիճանները պետք է լինեն խորը, հարթ, առանց ելուստների, խորդուբորդ մակերեսով: Աստիճանի կողային հատվածը պետք է ունենա 5 սմ-ից ոչ ավել շառավղով կորություն: Աստիճանների (հատկապես արտաքին հատվածի) երեսպատման համար ավելի հարմար է օգտագործել սղոցած գրանիտ: Չի կարելի օգտագործել հղկած նյութեր և մարմար (ինչպես հղկված այնպես էլ չհղկված), քանի որ դրանք չեն ապահովում կոշիկի ներբանի հարակցությունը այդ նյութերի հետ թաց մակերեսի և մերկասառույցի պայմաններում: Չհղկված մարմարը ցածր ջերմաստիճանների և անձրևի պայմաններում դառնում է շատ սայթաքուն:

Աստիճանաելուստների լայնությունը պետք է լինի արտաքին սանդուղքների համար՝ 40 սմ-ից ոչ պակաս, ներքին սանդուղքների համար շենքերում և շինություններում՝ 30 սմ-ից ոչ պակաս:
Աստիճանների բարձրությունը. արտաքին սանդուղքների համար՝ 12 սմ-ից ոչ ավել, ներքին սանդուղքների համար՝ 15 սմ-ից ոչ ավել: Սանդուղքաշարքի և աստիճանավանդակի շրջանակներում բոլոր աստիճանները, ինչպես նաև արտաքին սանդուղքների դեպքում պետք է լինեն միանման չափերի ըստ աստիճանաելուստների լայնության և բարձրության: Տեսողական հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հաշվի առնելով՝ շարժման ճանապարհին սանդուղքաշարի աստիճանների քանակությունը պետք է նույնը լինի: Ոչ պակաս կարևոր է հասարակական կառույցների դռների նշումը հակադրական գույներով: Պատկերացրեք ապակյա մի դուռ ապակյա ցուցափեղկերի մի ամբողջ շարանի մեջ: Համոզված ենք՝ դուք բազմաթիվ անգամ հանդիպել եք նման կառուցվածքի, և այստեղ նույնիսկ լավ տեսողություն ունեցող մարդուն հեշտ չէ միանգամից որոշել, թե դրանցից որ մեկն է բացվում: Նման հակադրական ցուցանակները կօգնեն կողմնորոշվել և խուսափել հնարավոր դժվարություններից ու վնասվածքային իրավիճակներից: Օրինակ՝ երկփեղկ դռան նշումը հակադրական գույներով կոգնի թույլ տեսողությամբ մարդուն չդիպչել հարևան փեղկին: Նշենք, որ դա շատ հարմար է բոլոր մարդկանց համար, և ոչ միայն չի փչացնում, այլ նույնիսկ զարդարում է շենքի ներքին հարդարանքը: Տեսողության սահմանափակում ունեցող մարդկանց ապահով տեղաշարժման համար շատ կարևոր է երթևեկելի հատվածի անցնելը: Այդ գործընթացը առավելագույնս ապահով դարձնելու համար անհրաժեշտ է մի շարք պայմաններ ստեղծել: Այնտեղ, որտեղ կա լուսամփոփներ, անհրաժեշտ է, որ դրանք հագեցած լինեն հատուկ ձայնային ազդանշանով, որոնք հաղորդում են այն մասին, որ ճանապարհը ազատ է և կարելի է անցնել: Ցանկացած տեքստային ինֆորմացիա, ինչպես օրինակ՝ փողոցների անվանումները, այս կամ այն շենքում գտնվող խանութների, հաստատությունների, կազմակերպությունների համարները, ինչպես նաև փողոցներում տեղակայված այլ տեքստային տեղեկություններ պետք է կրկնօրինակվեն Բրայլի այբուբենով:

Նաև հարկ է նշել, որ ողջ այդ ինֆորմացիան պետք է գտնվի որոշակի խստորեն հաստատված տեղերում, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող մարդը մշտապես պատկերացում ունենա այն մասին, թե որտեղ է այդ ինֆորմացիան գտնվում, ինչպես նաև այն պետք է իր տեղակայման բարձրությամբ մատչելի լինի չտեսնող մարդու ձեռքերի համար: Օրինակ՝ տների համարները պետք է տեղակայվեն մուտքերի կողքին և շենքերի անկյուններում:
Ոչ պակաս կարևոր է մատչելիությունը շենքի ներսում՝ բնակարանների համարները, դռների վրա գրությունները, վերելակներում կոճակները պետք է գրված լինեն Բրայլի այբուբենով:

Լսողության սահմանափակումներ

Այնպես, ինչպես տեսողության սահմանափակումներ ունեցող մարդկանց, լսողության հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հիմնական խնդիր է տեղեկացվածությունը, այսինքն՝ անհրաժեշտ պայմանները, որոնք ապահովում են հարմարություններ, ապահովություն և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն: Լսողության հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժման և վարքի օժանդակ ղեկավարման համար օգտագործվող ինֆորմացիայի տեսողական հարմարանքների ու միջոցների թվին դասվում են ցուցանակները և նշանները, այդ թվում՝ լուսային, սարքավորումների տարրերի նշագծումն ու գույնը, ցուցանակները, ստենդերը, վահանակները, լուսային նշանացույցերը: Օրինակ՝ հրդեհային ահազանգի համակարգը ձայնային ազդանշանով, կրկնօրինակված լուսային ցուցանակով, արտակարգ իրավիճակներում օգնում է թույլ լսողություն ունեցող մարդկանց կողմնորոշվելու: Նման ձևով գործող համակարգերը կարող են օգտագործվել նաև մի շարք այլ հասարակական հաստատություններում, օրինակ՝ թատրոնում, ներկայացման սկզբի մասին զգուշացնող զանգ տալու դեպքում, կամ ուսումնական հաստատություններում, երբ զգուշացնում են պարապմունքների սկզբի և վերջի մասին: Այս ոչ բարդ հարմարանքները օգնում են խուլ և վատ լսող մարդկանց չունենալ անհարմարավետության զգացում և լինել անկախ տարբեր իրավիճակներում:
Լսողության հաշմանդամություն ունեցող մարդկանց համար քիչ դժվարություններ չեն ծագում նաև կենցաղում: Սակայն դրանք բոլորը հաղթահարելի են տեխնիկական օժանդակ միջոցների շնորհիվ, այնպիսին, ինչպիսին է հեռախոսը, որի զանգը կրկնվում է նաև լուսային ցուցանակի վրա: Նման համակարգեր կիրառվում են նաև մուտքի դռան զանգի համար: Թույլ լսող և խուլ մարդկանց համար հեռախոսային կապի ապահովման համար թողարկվում են այնպիսի ապարատներ, որոնք ինֆորմացիան հաղորդում են վազող տեքստային տողի տեսքով, ստեղնաշարի վրա տպագիր տեքստի հավաքման հնարավորությամբ: Տվյալ ապարատները կարող են աշխատել մշտապես, ինչպես նաև կարող են միացվել սովորական հեռախոսային ապարատներին: