Մատչելիություն


Տրանսպորտ

Անվասայլակներ օգտագործող մարդիկ

Մատչելի տրանսպորտի բացակայությունը լուրջ արգելք է անվասայլակով տեղաշարժվող անձանց համար: Արտասահմանում տրանսպորտային փոխադրամիջոցների գերակշիռ մասը (երբեմն 100%) անպայմանորեն հարմարեցված է սայլակի համար: Ավտոբուսներում օգտագործվում են տարբեր տեսակի վերելակներ, հիմնականում՝ շարժողական թեքատներ (տե՛ս լուսանկարը), իսկ մեքենայի սրահում նախատեսված է ազատ տարածք՝ հագեցված հատուկ բռնակով և ազդանշանային կոճակով, որի միջոցով հաշմանդամը կկարողանա տեղեկացնել վարորդին, որ ուզում է իջնել: Որոշ քաղաքներում (օրինակ՝ Լոնդոնում) առանց սայլակից իջնելու կարելի է նույնիսկ տաքսի նստել: Ոչ մի արտառոց սարքավորում տաքսիում չկա. ուղղակի մեքենայի սրահը բավականաչափ ընդարձակ է, իսկ վարորդը՝ արհեստավարժ անվասայլակի հետ վարվելու գործում:

Հայաստանում մատչելի քաղաքային տրանսպորտն իսպառ բացակայում է: Ինչ վերաբերում է տաքսիներին, ապա նույնիսկ այս թանկարժեք փոխադրամիջոցը ոչ միշտ է հասանելի անվասայլակով հաշմանդամին, այն պարզ պատճառով, որ մեքենաների բեռնախցիկում միշտ առկա է հեղուկ գազի գլանանոթը, որի պատճառով սայլակն այնտեղ կիսով չափ է տեղավորվում, և վարորդներն ստիպված են երթևեկել կիսաբաց բեռնախցիկով: Վարորդների որոշ մասը հրաժարվում են սպասարկել հաշմանդամին. նմանատիպ դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախօրոք տեղեկացնել տաքսի ծառայության դիսպետչերին սայլակի առկայության մասին և միշտ զինված լինել ամուր պարանով՝ բեռնախցիկի դուռը կապելու համար:

Սահմանափակ տեսողություն

Կույր կամ վատ տեսնող հաշմանդամների համար կարևոր է մետրոյում վառ գույնով ընդգծված ռելիեֆային եզրային գծի առկայությունը: Ավտոբուսների, տրոլեյբուսների և տրամվայների կանգառներում չվացուցակը պետք է կրկնորինակված լինի Բրայլի այբուբենով։ Նաև անհրաժեշտ է, որ հասարակական տրանսպորտում հայտարարվեն կանգառները: Կարելի է նաև օգտվել հատուկ էլետրոնային համակարգերից՝ հագեցված կառավարման վահանակով, որի հարցման ժամանակ հաշմանդամը կստանա ողջ ինֆորմացիան երթուղու մասին: Մետրոյում պետք է նաև Բրայլի այբուբենով կրկնօրինակված լինեն կայարանների անունները, գնացքների համարներն ու այլ տեղեկատվությունը։

Սահմանափակ լսողություն

Բոլոր հասարակական տրանսպորտային միջոցները, բացի երթուղու մասին ձայնային հայտարարության պետք է համալրված լինեն նաև համապատասխան տեղեկատվություն հաղորդող վիզուալ տեսատախտակներով: